Նույնիսկ լեգենդար Օստապ Բենդերը չէր ցանկանում միայն ընդհատակում գործել: Վերջինս մտավ օրինական դաշտ և բացեց «Եղջյուրներ և սմբակներ» անվանմամբ գրասենյակը, սակայն դրա քողի ներքո շարունակեց իր ընդհատակյա գործունեությունը:
Ի տարբերություն Օստապ Բենդերի, Նոր Հայաստանում նորաձև է բացառապես... ընդհատակը, իսկ ընդհատակյա նորաձևության առաջնորդը ԵՊՀ-ն է:
ԵՊՀ-ն ունի հաշվապահություն:
Հաշվապահությունն ունի ղեկավար` գլխավոր հաշվապահ:
Գլխավոր հաշվապահն ունի անուն և ազգանուն` Ռաֆիկ Գրիգորյան:
Վերջինս ծառայողական հեռախոսահամար ունի, ավելին` հեռախոսահամարներ ունեն նաև հաշվապահության մնացած բազմաթիվ աշխատակիցները:
Օրինակ, 060 710170-ը՝ Ռաֆիկ Գրիգորյանի, իսկ 060 710160-ը՝ վերջինիս «ընդունարանի» հեռախոսահամարն է:
ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը հեռախոսազանգերին երբեք չի պատասխանում: Վերջինիս «ընդունարանի» աշխատակիցը զանգողի ինքնությունը պարզելուց հետո ևս զանգերին չի պատասխանում:
Ավելին` ԵՊՀ կայքն ազդարարում է, որ Ռաֆիկ Գրիգորյան անուն-ազգանունով «ոչ մի մարդ հասանելի չի»:
Ողջամիտ կասկած կա, որ, ի տարբերություն Օստապ Բենդերի «Եղջյուրներ և սմբակներ»-ի, ԵՊՀ հաշվապահությունը խոր ընդհատակում է և բացառապես «սևով է» աշխատում:
Այն, որ խոշոր կազմակերպությունները «սև» հաշվապահություն են ունենում հայտնի է դեռ անհիշելի ժամանակներից:
Սակայն, սովորաբար` այնպես, ինչպես «Եղջյուրներ և սմբակներ»-ում, «սև» հաշվապահությանը զուգահեռ վերջիններս ունենում են նաև օրինական դաշտում գործող` «սպիտակ», հաշվապահություն:
Առերևույթ` ԵՊՀ-ն «սպիտակ» հաշվապահություն չունի: Կարծում եմ` ԵՊՀ-ում չեն գտնում «Եղջյուրներ և սմբակներ»-ի զիցնախագահ Ֆունտի նմանին, որը «նստած էր» ՀՀ երեք նախագահների և պատրաստակամություն կհայտնի «նստել» Փաշինյան Նիկոլի օրոք:
ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը զիցնախագահի պաշտոնին չի «ձգում»:
Վերջինս, առավելագույնը` կարող է հաշվապահ Բերլագային կամ ընկեր Սկումբրիեվիչին նմանվել:
Իսկ, եթե լուրջ, ապա ափսոս էր ԵՊՀ-ն, քանզի այն աստիճանաբար վերածվում է «Եղջյուրներ և սմբակներ» գրասենյակի:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ